ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ` առաջնորդվել «սրտով»

«Ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ` առաջնորդվել «սրտով»
12.05.2015 | 00:26

ԼՂՀ ԱԳ նախարար ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, որքանո՞վ է հնարավոր, որ որևէ կարգի տեղաշարժ առաջանա ԼՂ բանակցային գործընթացում. հիշենք` Ռիգայում մայիսի 21-22-ին տեղի ունենալիք գագաթնաժողովի ընթացքից ոչ միայն սպասումներ կան Հայաստանի` ասոցացման համաձայնագրի կնքման առնչությամբ, այլև տեսակետ կա, որ Ռիգայում տեղի կունենա հակամարտող երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում, եթե չստացվի կազմակերպել այդ հանդիպումը (հիշենք, որ Ֆրանսուա Օլանդի Հայաստան, այնուհետև` Ադրբեջան այցը նաև այդ նպատակն է հետապնդում), կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները:
Ի դեպ, վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել էր, թե Ադրբեջանը պատրաստ է մեծ համաձայնագրի շուրջ բանակցելու:

-Պարոն Միրզոյան, Ադրբեջանը, կարծես, առաջին անգամ չի նման հայտարարությամբ հանդես գալիս: Ինչո՞վ եք բացատրում այդ «հանկարծահաս» քնից զարթնելը և միանգամից, ոչ ավելի-ոչ պակաս, «մեծ համաձայնագրի» մասին խոսելը:
-Թե ինչու է Մամեդյարովը նման հայտարարությամբ հանդես գալիս, պետք է, թերևս, հարցն ուղղել իրեն: Ես կարող եմ խոսել մեր դիրքորոշման մասին. մեր դիրքորոշումը կա, եղել է ու կլինի անփոփոխ. էֆեկտիվ բանակցություններ հնարավոր է վարել միայն եռաչափ ֆորմատով, այսինքն, Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ` բանակցային բոլոր փուլերում: Սկսած` սկզբունքների համաձայնեցումից, քննարկումից, փաստաթղթի մշակումից, մինչև ձեռք բերված պայմանավորվածություններ-համաձայնությունների իրագործում: Մենք դրան պատրաստ ենք, վաղուց հայտնել ենք այդ առնչությամբ մեր մոտեցումների մասին: Այսօր բանակցային գործընթացի դանդաղեցման հիմնական պատճառներից մեկն էլ հենց այն է, որ բանակցային գործընթացից բացակայում է հակամարտության հիմնական կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
-Գիտեք, պարոն Միրզոյան, անգամ նախկին «դանդաղած» բանակցություններն են այսօր անչափ դանդաղել:
-Պատճառը խիստ ակնհայտ է` Ադրբեջանի դիրքորոշումը։ Ադրբեջանը գնալով կարծրացնում է իր մոտեցումները, հանդես գալիս ավելի մաքսիմալիստական դիրքերից, միաժամանակ այդ մոտեցումն «արտացոլվում» է սահմանի գծով կազմակերպվող միջադեպերի ֆոնին, ինչի արդյունքում լարվածությունը տարածաշրջանում աճում է, ապա և` տեղի են ունենում զենքի առք ու վաճառքի հսկայական գործարքներ, Ադրբեջանում էլ գնալով մեծանում է ռազմական ռիտորիկան:
-Ի դեպ, պարոն Միրզոյան, օրերս էլ Ռուսաստանից տեսակետ հնչեց, թե Արևմուտք-Ռուսաստան այս շարունակվող առճակատումը կարող է հանգեցնել նրան, որ սառած կոնֆլիկտները, այդ թվում` ղարաբաղյան հակամարտությունը, կրկին տաքացվեն: Ի՞նչ է ուզում ասել Ռուսաստանը, ո՞ւմ, և, ի վերջո, ո՞վ է բուն «տաքացնողը»:
-Նախ` եկեք միմյանցից տարանջատենք պաշտոնական հայտարարություններն ու մամուլում հրապարակվող լուրերը: Պաշտոնական հրապարակումներին եթե ուշադիր հետևում ենք, ապա հիմք չունենք կարծելու, որ ղարաբաղյան հիմնահարցի պարագայում եռանախագահողները հանդես են գալիս հակադիր դիրքերից: Այսքա՛նը:
-Հասկացա: Եվ, այնուհանդերձ, պարոն Միրզոյան, «ոչ պաշտոնականներն» էլ նրա համար են, որ ասեն այն, ինչ «պաշտոնականները» չեն կարող ասել. սիրտն ավելցածից է խոսում, չէ՞:
-Ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ` առաջնորդվել «սրտով»: Ես կոնկրետ պաշտոնյա եմ և դատում եմ կոնկրետ հայտարարություններով, որոնք արվում են պաշտոնական խողովակներով:
-Բոլոր դեպքերում, որքանո՞վ է հնարավոր կոնֆլիկտի տաքացումն առաջիկայում:
-Հնարավոր է: Եթե Ադրբեջանը չսանձվի: Եթե Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանը վերջ չտրվի, որովհետև մենք համոզված ենք, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչի խոչընդոտն այսօր բացառապես և միայն Ադրբեջանի վարած քաղաքականությունն է:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ